ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Չինաստան կմեկնի երկկողմ հարաբերությունները քննարկելու համար

Պետդեպարտամենտ
Այցը նախատեսված է Պետդեպարտամենտի ներկայացուցչի շրջագայության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի` Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինկը հունիսի 4-ին Չինաստան կմեկնի երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պեկինում քարտուղարի օգնական Քրիթենբրինկը, որին կմիանա ազգային անվտանգության խորհրդի (ԱՄՆ)` Չինաստանի և Թայվանի հետ հարաբերությունների գծով ավագ տնօրեն Սառա Բերանը, կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այցը տեղի կունենա Պետդեպարտամենտի ներկայացուցչի` հունիսի 4-10-ը նախատեսված շրջագայության շրջանակում։ Այդ օրերի ընթացքում պաշտոնյան կայցելի նաև Նոր Զելանդիա:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները նկատելիորեն սառեցին 2022 թվականի օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը: Դրանից հետո Չինաստանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց: Լարվածությունն ավելի սրվեց, երբ ԱՄՆ-ի երկնքում չինական օդապարիկ խոցվեց։