ՀՀ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում 27-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա տղայի, ինչից հետո վերջինիս հայրը հետապնդել և մարմնական վնասվածքներ էր հասցրել դանակահարողին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել էր Ծաղկահովտի բժշկական կենտրոնից, որտեղ էլ կտրած–ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա տղան։
«Պարզվել էր, որ Ռյա Թազա գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Նույն գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ դանակով հարվածել էր 17-ամյա համագյուղացուն։ Միջադեպից հետո տուժածի հայրն իր մեքենայով հետապնդել էր երիտասարդին, որն ուժասպառ էր եղել ու ընկել։ 63-ամյա տղամարդն էլ մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 27-ամյա երիտասարդն ու 63-ամյա տղամարդը ձերբակալվել են։
Կազմվել են փաստաթղթեր։