ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քննչական կոմիտեին 2022 թվականի համար պետբյուջեից հատկացված 8,2 միլիարդ դրամը ՀՀ կառավարության որոշումներով ավելացվել է 1,5 միլիարդով, որովհետև քննիչների հաստիքացուցակն ավելացել է 310 քննիչով։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում արդեն քննվել է 69 088 քրեական վարույթ։ Մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59830, 2021 թվականին՝ 41883։ Քարամյանը նշեց, որ մեկ քննիչին 2022 թվականին միջինը բաժին է ընկել 110,4 քրեական վարույթ, 2021 թվականին՝ 83,4:
«Քրեական վարույթների թվի ավելացումը պայմանավորված է քրեական օրենսգրքի փոփոխություններով։ Մասնավորապես, այլևս կասեցված քրեական գործեր չեն լինելու»,- ասաց Քյարամյանը։
Նա խոսեց նաև նախաքննության արդյունավետության մասին` թվերով։ Ըստ Քյարամյանի` 2022 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 4798 քրեական վարույթ` 5360 անձի նկատմամբ, կարճվել է 15310 քրեական վարույթ, որոնցից 4833–ը` ոչ արդարացնող, 10472–ը` արդարացնող հիմքերով։
2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 1304 քրեական վարույթ, կարճվել է 4265–ը, որից 3420–ը` արդարացնող հիմքով։