ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արտաշատ–Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած մեծահասակներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին սպառնացող վտանգը չի վերացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ վթարից հետո տուժածները նախ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ առաջին օգնություն է ցուցաբերվել բոլորին` հաշվի առնելով վնասվածքների ծանր աստիճանը։
«Երեխաներին անհապաղ վիրահատելու ցուցում է դրվել, վիրահատական միջամտություններ են արվել, վիճակի կայունացումից հետո երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեզ մոտ մնացել են երկու մեծահասակ»,– նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով` մյուս մեծահասակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է։
Հիշեցնենք` մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհին բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։ Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել էր, 7–ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել էին կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում էր շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ մահացել է նաև վթարից տուժած երեխաներից մեկը` 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։