ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Նշվում է, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։