Այս պահին անկլավների հետ կապված որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ. Հարությունյան

Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ համամիտ է Նիկոլ Փաշինյանի` Արցախի ու անկլավների վերաբերյալ քաղաքականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Անկլավների հետ կապված տարբեր տարբերակներ են քննարկվում, և այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեցվարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի և անկլավների հետ կապված քաղաքականությանը, Հարությունյանն ընդգծեց, որ ինքը ամբողջությամբ կիսում է այն։
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ։ Եթե չկիսեի, քաղաքական թիմում չէի լինի»,–ասաց նա։
Հարցին, թե ինչ տեսակետ ունի Տիգրանաշենի մասով, այն պե՞տք է տրվի Ադրբեջանին` տեղը ստանալով Արծվաշենը, Հարությունյանը նշեց, որ դրա վերաբերյալ վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ինքն ավելացնելու բան չունի:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե կառավարությունում 120 էջից բաղկացած խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում ։
«Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբսուրդ է, սուտ ու կեղծիք։ Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն», - հավելեց Հարությունյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Հունիսի 1-ին Քիշնևում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»։ Նա հայտարարեց` չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։