ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, ինչը բխում է ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից: Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ Վրաստանը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր և ըստ էության առաջին հաջող միջնորդությունն է իրականացրել Երևանի և Բաքվի միջև: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ։
«Վրաստանի դիրքորոշումն ու դերը շատ չեզոք և անկողմնակալ են մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին: 2021 թվականին Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Երևանի ու Բաքվի միջև։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2022 թվականի հուլիսին առաջին երկկողմ հանդիպումն անցկացրին Թբիլիսիում։