ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով երկրներ պատրաստ են կործանիչներ տրամադրել Ուկրաինային։
«Այսօր հզոր աջակցություն ստացա, մեծ թվով պետություններ, և ինչը կարևոր է՝ մեծ թվով կործանիչներ, որոնք, ես վստահ եմ, մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների ղեկավարության ներքո կմիավորենք և այդ կոալիցիան իրականություն կդարձնենք», - ասել է նա Քիշնևում եվրոպական քաղաքական ընկերակցության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:
Զելենսկին նաև ընդգծել է, որ մինչև ժամանակակից արևմտյան կործանիչներ ստանալը Կիևին ավելի շատ Patriot ՀՕՊ համակարգեր են պետք։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության վահան ստեղծել ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։
Այսօր ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել արագացնել Ուկրաինայում Patriot զենիթահրթիռային համալիրների և կործանիչների կոալիցիաների ձևավորումը, ըստ նրա, արևմտյան սպառազինությունների նման համադրությունը կմոտեցնի ռազմական գործողությունների ավարտը:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևին 1991 թվականի սահմանները վերականգնելու համար 48 Ֆ-16 կործանիչ է անհրաժեշտ։