ԱՄՆ-ի տարօրինակ հայտարարությունը. Պետդեպը ողջունել է Ալիևի խոսքերը «համաներման» մասին

Մեթյու Միլլեր
Վաշինգտոնում յուրովի են մեկնաբանում Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։ Այս մասին նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նշենք, որ Ալիևը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել է ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։ Նա շեշտել էր, որ միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
Ալիևի սպառնալիքները, սակայն, չեն խանգարել Պետդեպարտամենտի պաշտոնյային ասել, որ նա ուրախ է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակությունը:
«Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է», - հավելել Է Միլլերը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթ Քիշնեւում կհանդիպեն եվրոպացի գործընկերների հետ։ Վաշինգտոնում հույս ունեն, որ դա արդյունավետ քայլ կլինի հարցերը բանակցային, այլ ոչ թե բռնության ճանապարհով լուծելու համար:
«Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը. կառուցողական երկխոսությունը ՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ երկու կողմերի ջանքերին»- հայտարարել Է Միլլերը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առնվազն անհասկանալի են: Նրա խոսքով՝ Բաքուն ու միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն այդ հայտարարությունները։