ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետում ռուսական կողմից մայրուղու երկու հատվածների հեղեղման հետ կապված իրավիճակը չի ազդել սահմանով երթևեկության վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ «Վերին Լարս» անցակետի շրջանում Թերեք գետի ջրի մակարդակը մինչև 130 սմ էր հասել և ողողել էր Վլադիկավկազ-ստորին Լարս-Վրաստանի հանրապետության սահման դաշնային ավտոճանապարհի 20 – րդ և 22 – րդ կմ-ի հատվածները: Պատճառը առատ տեղումներն ու սառույցի ակտիվ հալոցքն է։
«Իսկապես երկու վայրում փլուզում է տեղի ունեցել, սակայն դա չի ազդել ճանապարհային երթևեկության և նշված տեղանքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա», - ասաց կցորդը:
«Կովկաս» ճանապարհային կառավարման կազմակերպության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են 20 ճանապարհային աշխատողներ և տասը միավոր հատուկ տեխնիկա:
Տեղադրվել է 18 երկաթբետոնե բլոկ՝ ջրի հոսքը շեղելու համար, այժմ լրացուցիչ կտեղադրվի ևս 10 բլոկ։ Սա հնարավորություն կտա ափային ամրացման աշխատանքներ իրականացնել։
Հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ մայիսի 31-ի դրությամբ ջրի մակարդակը նվազում է ու նվազել է 38 սմ-ով: Տեղում իրավիճակի վերահսկողությունն իրականացնում են «Կովկաս» ճանապարհային կառավարման ընկերության մասնագետները: Երթևեկությունը կազմակերպվում է բնականոն ռեժիմով երկու գոտիով: