ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է լրացուցիչ տարանցիկ կետ դառնալ Արգենտինայի համար դեպի եվրասիական շուկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել»,– ասել է նա:
Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության մակարդակը:
Կողմերը խոսել են նաև Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով:
Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող և դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար:
Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին:
Հիշեցնենք, որ Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակության անդամները երեկ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի վաղ` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։