ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Ստեփանակերտի զորամասի (ժողովրդի մեջ հայտնի է որպես ՑՈՐ՝ Կենտրոնական պաշտպանական շրջան)՝ 44-օրյա պատերազմում զոհված մի խումբ զինծառայողների ծնողների շահերը ներկայացնող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ իրավաբանը։
Գնդի հրետանային ստորաբաժանման մարտիկները զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) մոտ գտնվող դիրքերից մեկում՝ հայտնվելով շրջափակման մեջ, այդ թվում՝ հրամանատարության կողմից սխալ տեղեկատվության հետևանքով։ Ի դեպ, զինվորականների զոհվելու գործով անցնում է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, բայց այն առանձին վարույթով է ընթանում։
Ներկայիս գործը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա ապրիլյան այն հայտարարության հետ, թե ինքը կարող էր տարածքային զիջումների գնալ և այդպիսով խուսափել պատերազմից ու փրկել զինվորների կյանքը: Զոհվածների ծնողները դիմել են գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել կառավարության ղեկավարի դեմ։
Դատախազությունը մինչ օրս գործ չի հարուցել, ինչի կապակցությամբ Սիմոնյանը դիմել է դատարան՝ բողոքելով վերահսկողական կառույցի անգործության դեմ: Դատարանը մերժել է բողոքը, մերժել է նաև այդ գործը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ կապված սյուժեից առանձնացնելու միջնորդությունը:
Պատերազմից հետո գեներալն ասուլիս էր տվել և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով կանխամտածված պարտություն կազմակերպելու մեջ: Հարուցվել էր քրեական գործ, իսկ ավելի ուշ դրան միացրեցին նաև ծնողների դիմումը։ Փաստաբանը դա անտրամաբանական է համարում, քանի որ խոսքը միանգամայն տարբեր պատմությունների ու սյուժեների մասին է։
Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշումն ինքը դեռ չի ստացել, սակայն մտադիր է այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում: