Առաջատարը Ռուսաստանն է. Հայաստանը որքա՞ն հացահատիկ է ներմուծել այս տարի

Հացահատիկ
Հայաստանը ցորենի ինքնաբավության մակարդակը 27,5 տոկոսից կարող է հասցնել 45 տոկոսի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստան հացահատիկ ներմուծողների առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հայաստանը 2023 թվականի սկզբից ի վեր ներմուծել է տարվա ընթացքում երկրին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր ծավալի 41 տոկոսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ռուսաստանից Հայաստան ներմուծված հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր ծավալը
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի ներմուծման ծավալները գնահատվում են շուրջ 396 հազար տոննա, որից 295 հազարը` ցորեն, 33 հազարը` գարի, 68 հազարը` եգիպտացորեն։
«2023 թվականի մայիսի 19-ի դրությամբ ընթացիկ տարվա սկզբից ներմուծվել է շուրջ 165․2 հազար տոննա հացահատիկ, որից 122.1 հազար տոննան` ցորեն, 20.4 հազար տոննան` գարի, 22.7 հազար տոննան` եգիպտացորեն։ Հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99․9%) ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից», - նշված է նախարարության պատասխանում։
Վերջին տարիներին Հայաստանը հենց Ռուսաստանից է ներմուծում հացահատիկի գրեթե ամբողջ ծավալը։ Վերջին հինգ տարում Ռուսաստանից հացահատիկի ներմուծման ծավալն ամենամեծը եղել է 2022 թվականին։
Հացահատիկային մշակաբույսերի ներմուծումը Ռուսաստանից Հայաստան 2018-2022
Գերատեսչությունից պարզաբանել են նաև, որ Հայաստանի Հանրապետությունում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 527 հազար տոննա, որից ցորենը՝ 385 հազար տոննա, գարին՝ 70 հազար տոննա, եգիպտացորենը՝ 72 հազար տոննա:
2022 թվականին ՀՀ-ում ցորենի և գարու ինքնաբավության մակարդակն աննշան աճել է։ Այսպես` 2022 թվականին ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացել է մինչև 27,5% (2021 թվականի 23,2%-ից), գարու դեպքում՝ մինչև 59,6% (2021 թվականի 49,1%-ի դիմաց), իսկ եգիպտացորենի ինքնաբավության ցուցանիշը 2022 թվականին կրճատվել է գրեթե 50%-ով՝ մինչև 4,8% (2021 թվականի 8,4%-ի դիմաց)։
Ցորենի միջին բերքատվությունը վերջին հինգ տարիներին կազմել է 22,4 ցենտներ մեկ հեկտարի համար։ Գերատեսչության կանխատեսմամբ՝ Հայաստանում ցանքատարածությունը կարող է ավելացվել գրեթե 22 հազար հեկտարով՝ մինչև 81 հազար հեկտար։ Դրա շնորհիվ համախառն բերքը կարող է կազմել տարեկան 181,4 հազար տոննա։ Հաշվի առնելով ցորենի տարեկան միջին պահանջարկը (385 հազար տոննա)` հացահատիկի ինքնաբավության մակարդակը Հայաստանում կարող է հասնել 45 տոկոսի։
Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2022 թվականին իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն էր նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը։ 2023 թվականին իրականացվելիք օժանդակության մասով դեռ քննարկումներ են ընթանում։
Այս տարի կունենանք ծիրանի միջինից մի փոքր ցածր բերք. նախկին փոխնախարար