ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ 2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն էր, իսկ 2018-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին անոնս արել էր։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` նշելով, որ 44–օրյա պատերազմն Ապրիլյան քառօրյայի շարունակությունն էր։
«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, այդ պատերազմի անոնսն արել էր։ Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է: Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Պատճառն այն էր, որ իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր», - նշեց Փաշինյանը։
Նա նշեց, որ ԼՂ-ի հետ կապված ճշմարտությունը չէինկարող մարսել «հրապարակից եկած իշխանությունն ու հանրությունը»։
Նշենք, որ Փաշինյանի հիշատակած ելույթում ՀՀ երրորդ նախագահն ասում էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա այդ գործընթացը տեղում դոփում է։
Սարգսյանի խոսքով՝ բանակցություններից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի Հայաստանի համար։ Նախագահի այս խոսքերը գործող վարչապետը բազմիցս մեկնաբանել է որպես նոր պատերազմի նախանշան։