Պուտինը խոսել է Կիևի կողմից Մոսկվայի վրա առավոտյան հարձակումների մասին

Պուտինը հաստատել է, որ մի քանի օր առաջ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կիևը Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության շենքի վրա ռուսական հարվածին պատասխանել է բնակելի շենքերի վրա հարձակումներով, Մոսկվայի ՀՕՊ-ը բավարար է աշխատել, և դեռ շատ անելիքներ կան։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վաշինգտոնը կատաղած է. Կիևը ձգձգում է հակահարձակումը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ ՌՕՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցրել որոշումների ընդունման ուկրաինական կենտրոններին, որտեղ արևմտյան մասնագետների ղեկավարությամբ ահաբեկչություններ էին նախապատրաստվում Ռուսաստանի տարածքում: Գերատեսչությունից նշել են, որ բոլոր նշանակված օբյեկտները խոցված են։ Ընդ որում, չի նշվում, թե որոշումների կայացման որ կենտրոնների մասին է խոսքը։ Ուկրաինական որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գրասենյակին, նույնպիսի տեղեկատվություն է հրապարակել ուկրաինացի քաղաքական գործիչ Իլյա Կիվան:
«Մենք արդեն խոսել ենք որոշումների կայացման շտաբներին, որոշումների կայացման կենտրոններին հարվածներ հասցնելու հնարավորությունների մասին Իհարկե, այդ կատեգորիային է պատկանում նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբը, որին հարված է հասցվել», - ասել է Պուտինը կրեատիվ տնտեսությանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նշելէ, որ ՀՕՊ համակարգը Մոսկվայի վրա անօդաչուների հարձակման ժամանակ աշխատել է սովորական ռեժիմով, բավարար։ Չնայած այս առումով դեռ շատ անելիքներ կան, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչ է պետք անել, և դա կարվի:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Կիևը սադրում է Մոսկվային պատասխան գործողությունների, Ուկրաինայի քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչի է իրենց դրդում Կիևի իշխանությունը:
«Ի պատասխան, ինչպես հայտնի է, Կիևի ռեժիմն այլ ճանապարհ է ընտրել՝ Ռուսաստանին վախեցնելու փորձերի, Ռուսաստանի քաղաքացիներին վախեցնելու ու բնակելի շենքերին հարվածելու ճանապարհը։ Դա, իհարկե, ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», - ասել է նա։
Նա նշել է, որ բախվել են նման խնդիրների Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում:
«Եվ պարզապես անհամեմատելի է հենց Հմեյմիմում գտնվող մեր ավիաբազայի և Մոսկվայի՝ եվրոպական հսկայական մեգապոլիսի տարածքը։ Բայց, ընդհանուր առմամբ, հասկանալի է, թե ինչ է պետք անել մայրաքաղաքի ՀՕՊ-ը խտացնելու համար, ու մենք դա կանենք», - ասել է նախագահը։
Հիշեցնենք` այսօր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Մոսկվայի ուղղությամբ: Հինգը խոցվել են մերձմոսկովյան զենիթահրթիռային համալիրից, երեքը ճնշվել են ՌԷՊ-ի միջոցներով ու շեղվել նախատեսված թիրախներից: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱԹՍ–ների հարձակումը, հայտարարել է, որ դա Կիևի ռեժիմի պատասխանն է մայիսի 28–ին ՌԴ-ի արդյունավետ հարվածներին որոշումների կայացման կենտրոններից մեկի ուղղությամբ: