ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերնաշապիկներով և օտար լեզվի իմացությամբ վարորդներ, նոր էկոլոգիապես ավելի մաքուր և ժամանակակից ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը։
Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից Մաշտոցի պողոտա, Աբովյան փողոց , Մյասնիկյան պողոտա , Գայի պողոտա և մինչև Ջրվեժ)ինչպես նաև նոր ուղղություն` դեպի «Զվարթնոց» օդանավակայան («Զվարթնոց»–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ)։
Երևանի նոր ավտոբուսները
© Sputnik / Aram Nersesyan
«Մայրաքաղաքում մեծ տեմպով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները, և այս ավտոբուսների ձեռքբերումը գործընթացի կարևորագույն քայլերից էր։ Կարող ենք պնդել, որ Երևանում հին «գազելների» ժամանակաշրջանը այս սեպտեմբերին ամբողջապես կավարտվի։ Հասարակական տրանսպորտի ռեֆորմներն այսքանով չեն ավարտվում, կասեի՝ նոր են սկսվում»,– ավտոբուսային պարկի բացմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի նոր ավտոբուսները
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ շարժակազմի փոխարինումը կարևոր փուլ էր, որ 70-80%-ով իրականացրել են, բայց հիմա եկել է ամբողջական նոր համակարգ ներդնելու ժամանակը՝ շարժակազմի էլեկտրոնային կառավարման, մարդկանց րոպեներով տեղեկացնելու, թե որ ժամին որ տրանսպորտը որ կանգառում է լինելու։
Պարկի բացմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր ելույթում նշեց, որ ավտոբուսների ձեռքբերումը մեկ քայլ է ՀՀ–ում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու ճանապարհին։
Տիգրան Ավինյանը, Անդրեա Վիկտորինը և Վիկտոր Ռիխտերը նոր ավտոբուսի մեջ
© Sputnik / Aram Nersesyan
«Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման գործում, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում։ Ներդրումներ կատարելով նորարարական կառուցվածքներում` մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլ ստեղծում ենք հիմքեր ապագայի համար»,–ասաց նա։
Մինչ ներկաները ծանոթանում էին նոր ավտոբուսների հնարավորություններին, Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն իր ցուցումներն էր տալիս վարորդներին` առաջին հերթին աշխատանքում լինել նույնքան կոկիկ հագնված, որքան բացմանն արարողությանն էին եկել, լինել հետևողական և ուշադիր ուղևորների նկատմամբ։
Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ իրենց համար ամենակարևորը իրենց աշխատանքի որակը և ուղևորների գոհունակությունն է։ Դա հաշվի առնելով` դեպի օդանավակայան երթուղու վարորդները տիրապետում են օտար լեզուների` ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և անգամ պարսկերեն։
Երևանի քաղաքապետարանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Երևանի ավտոբուս ՓԲԸ–ն դեպի օդանավակայան երթուղի չի ունեցել, սա նոր երթուղի է մեր պարկում։ Իսկ ուղևորատոմսը 300 դրամ է լինելու»,–տեղեկացրեց Մանուկյանը։
Վարորդներից Հովհաննես Համբարձումյանն էլ ընդգծեց, որ իրենց համար աշխատանքը շատ պատասխանատու է, ավտոբուսներին էլ վարորդները վերաբերվում են ինչպես սեփական մեքենաներին։
«Նեգատիվ վերաբերմունք կար հասարակական տրանսպորտի նկատմամբ։ Բայց հիմա դրական արձագանքներ կան։ Ժողովուրդը, որ բարձրանում է արդեն սկսում է` «բարև ձեզ»–ով, մենք էլ դիմում ենք` «հարգելի ուղևորներով»»,–ասաց վարորդը։
Նոր ավտոբուսնների վարոդներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Նա ժպիտով նշեց, որ ուղևորներից միայն մեկ դժգոհություն ունեն` արագությունը։ Սակայն, եթե անվտանգություն և որակ են ցանկանում դա համադրելի չէ արագության հետ։
Հավելենք, որ ավտոբուսները համալրված են օդափոխման համակարգով, օդորակիչով, հաշմանդամություն ունեցող, մեծահասակ անձանց համար հարմարություններով և համարվում է էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։ Ծրագիրը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից, որի ամենախոշոր ներդրողը ԵՄ–ն է։