ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2538,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` ՊԲ մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, ըստ նախնական տվյալների, 60 մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։