ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» հասարակական-քաղաքական շարժումն իր առջև առաջնահերթ խնդիր է դրել երկրում իշխանափոխություն իրականացնել՝ համարելով, որ իշխող թիմը սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շարժման նախաձեռնողներից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ մի խումբ քաղաքական գործիչներ, փորձագետներ, փոքր ու միջին բիզնեսի և հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ հայտարարել էին «Մայր Հայաստան» անկուսակցական ժողովրդական շարժում ստեղծելու մասին։ Ըստ նախաձեռնողների` շարժումը ձգտելու է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի։
Ինչպես նշեց Թևանյանը, ժամանակավոր վարչապետը պետք է կայունացնի երկրում անվտանգային իրավիճակը և այս տարվա ընթացքում ապահովի ազատ ու թափանցիկ ընտրություններ։ Որպես երաշխիք, որ քաղաքական համակարգը չի գրավվի անհատների, քաղաքական ուժերի կողմից, ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին, լինի դա կուսակցության գլխավորությամբ, թե կուսակցությունների դաշինքի կազմում։
Նախաձեռնության անդամներից դիվանագետ, նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ անդրադարձավ արտաքին քաղաքական խնդիրներին։ Նրա խոսքով` երկիրը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ, և դա կարելի է համարել 5 տարի առաջ սկսված գործընթացների բնական ելքը, այսինքն` ամեն ինչ սկսվել է ներկայիս իշխանության գալուց ի վեր։ Աղաջանյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը բացահայտ սպառնում է Լեռնային Ղարաբաղի հայերին ոչնչացնել և Հայաստանի դեմ ծավալել հերթական ագրեսիան։
«Իրականում մենք տեսնում ենք Հայոց երկրորդ ցեղասպանության նախապատրաստություն, որը Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել իր ավագ եղբոր՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Եվ մենք տեսնում ենք նաև, որ այդ նպատակներին աջակցում են մի շարք արևմտյան կենտրոններ։ Թեև այս դեպքում այդ կենտրոնների խնդիրն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և նվազեցնել Իրանի ազդեցությունը»,- ասաց նախկին դեսպանը։
Նախաձեռնողների խոսքով` այս իրավիճակում միայն համընդհանուր կոնսոլիդացիան կարող է կանխել այս սցենարները և օգտագործել առկա ներուժը Հայաստանի սուբյեկտիվությունը վերականգնելու համար։
Ձյունիկ Աղաջանյանը
© Photo : press office of the MFA of RA