ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը այսօր քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
«Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովենիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Ավելի վաղ սլովենացի պաշտոնյային ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուրշկա Կլակոչար Զուպանչին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը։
«Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք: Այսօր առավոտյան ծանոթացել եմ ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ` շատ կարևոր է, որ մարդիկ այցելեն նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,– ասել է նա։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ: