Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Գերմանիայում 3 մարդ է դանակահարվել

Գերմանիա, ոստիկան
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում բախումների հետևանքով երեք մարդ է դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ընտրություններում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Շտուտգարտի փողոցներ, երթևեկել զարդարված մեքենաներով, դրոշներով քայլել փողոցներով: Բացի այդ, արձանագրվել են մի քանի բախումներ, ընդհանուր առմամբ 13 քրեական գործ է հարուցվել:
«Ժամը 22:10-ի սահմաններում մի խումբ մարդիկ մոտեցել են զարդարված մեքենաներից մեկին։ Վիճաբանության ժամանակ 26-ամյա վարորդը դանակահարվել է։ 18 և19 տարեկան երկու երիտասարդներ, որոնք ենթադրաբար այդ խմբում են եղել, նույնպես դանակահարվել են», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։
Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը հաղթեց՝ ստանալով քվեների ավելի քան 52 տոկոսը: Ընտրությունների վերջնական արդյունքները հունիսի 1-ից շուտ չեն հրապարակվի։
Քըլըչդարօղլուն հայտարարել Է Թուրքիայում «անարդար ընտրական գործընթացի» մասին