Telegram–ով թմրաշրջանառությանը վերաբերող քրեական վարույթում 250 անձ է ներգրավված. Ղազարյան

Վահե Ղազարյան
Համացանցով թմրամիջոցների առևտրի հետ կապված բացահայտումները բարդ են, քանի որ դժվար է նույնականացնել հանցագործներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման հետ կապված դրական ցուցանիշներ կան, ինչը և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Ցուցանիշները մտահոգիչ են, որովհետև թմրամիջոցները շատ են, դրա համար էլ այսօր հայտնաբերման թիվը մեծ է. մեկը մյուսին շաղկապված գործընթաց է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստան մտած 1 տոննա կոկաինի խմբաքանակին, Ղազարյանը նշեց` նախաքննությունից ելնելով` շատ բան չի ցանկանում հայտնել։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին, և ընդգծեց` առանձնահատուկ բարդ է տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների վաճառքի հետ կապված հետաքննությունները։ Այստեղ դժվարություններ են առաջանում հանցագործներին նույնականացնելու հարցում։
Նախարարը հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեում հենց այս պահին այդպիսի քրեական վարույթ կա նախաձեռնված, որի ուղղությամբ իրավապահները լուրջ աշխատանք են կատարում, ընդհանուր առմամբ 250 մարդ է ներգրավված։
Նա խոստացավ, որ շուտով դրական արդյունքների մասին կլսենք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):