Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

Վաչագան Ղազարյան. Արխիվային լուսանկար
Վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, հայտնում է «Ժողովուրդը»-ը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործով է կալանավորվել նա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը հաստատեց նրա կալանքի մասին լուրը։ Բայց թե ինչ գործով է կալանավորվել նա` փաստաբանը հրաժարվեց պատասխանելով, ասելով, որ ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիքները չհրապարակելու համար։
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր 5 տարի առաջ՝ 2018-ի հունիսի 25-ին ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ, վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։
Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Ըստ ՀՔԾ-ի՝ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք 218.000 եվրոյի չհայտարարագրմանը: