Այն ժամանակ քրիստոնեության ընդամենը մի կղզյակ էր մնացել այդ կայսրության տարածքում՝ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որը թուրքերը գրավեցին ուղիղ 570 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին։ Ու ոչ մի քրիստոնյա երկիր օգնության ձեռք չմեկնեց 50 օր շարունակ պաշարված քրիստոնյա բնակիչներին։ Համաձայնե′ք, մեզ, հայերիս, համար շատ ծանոթ պատկեր է։ Ավելին, նույնիսկ Հռոմի պապ Գրիգորիոս Յոթերորդը մի առիթով ասել էր. «Շատ ավելի լավ կլինի, եթե իշխեն մահմեդականները, քան կառավարեն այն քրիստոնյաները, որոնք հրաժարվում են ընդունել կաթոլիկ եկեղեցու կանոնները»։
Այնինչ, ջահել սուլթան Մեհմեդ Երկրորդի արքունիքում իմաստուն մարդիկ կային, որոնք անիմաստ էին համարում Կոստանդնուպոլսի գրավումը։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան Վահան Հովհաննիսյանն իր «Մանդիլիոն» գրքում նկարագրում է, թե ինչպես էր փորձում տարեց վեզիր Խալիլ-փաշան համոզել սուլթանին։
Մեջբերեմ. «Ո′չ կայսրը, ո′չ նրա քաղաքը մեզ չեն խանգարում առաջ գնալ դեպի Եվրոպա։ Քաղաքն, արդեն 100 տարի է՝ չորս կողմից շրջապատված է մեր տիրույթներով։ Սերբերը, բուլղարները, ալբանացիները, թրակիական և ռումելյական հույները ՝ բոլորն էլ վախենում են որևէ բան անել ձեր հայացքի ներքո։ Իսկ քաղաքը թող հասնի և հասած սալորի նման ընկնի ձեր ոտքերի տակ։ Ինչի՞ համար մեր զինվորների արյունը թափենք ու թնդանոթներով ավերենք հազար հինգ հարյուր տարի առաջ կառուցված քաղաքը, երբ այն կարող է քոնը դառնալ շատ ավելի ողջախոհ գնով»։
Իսկապես, Կոստանդնուպոլիսը պաշտոնապես Բյուզանդիայի մայրաքաղաքն էր, բայց ախր, Բյուզանդիան փաստորեն այլևս չկար, և շատերն այդ քաղաքը անվանում էին «մայրաքաղաք առանց պետության»։
Բայց կար ևս մի հանգամանք, որն այսօր կանվանեին «մարդկային գործոն»։ Ընդամենը 19 տարեկանում սուլթան դարձած Մեհմեդ Երկրորդը, պատմիչների վկայությամբ, քնում և արթնանում էր Կոստանդնուպոլիսը գրավելու երազանքով։ Ուզում էր երկու կայսրության տեր դառնալ։ Եվ պատահական չէ, որ հույն փիլիսոփա Գեորգիոս Տրապիզոնցին տարիներ անց Մեհմեդին հասցեագրված նամակում գրել է. «Ոչ ոք չի կասկածում, որ դուք հռոմեացիների կայսրն եք։ Որովհետև նա, ով տիրում է կայսրության մայրաքաղաքին, օրենքի համաձայն, կայսր է համարվում, իսկ Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն է»։
Թույլ տվեք կրկին մի մեջբերում անել Վահան Հովհաննիսյանի գրքից։ Երևի կհամաձայնեք, որ թուրքական սուլթանի իմաստուն վեզիրի խոհերը շատ համահունչ են մեր այսօրվա իրականությանը, երբ մանավանդ վերջին օրերին անընդհատ հնչում է նույն հարցը՝ բա, լա′վ, ինչո՞ւ հայաստանյան հանրությունը չի ընդվզում, երբ արդեն պարզ է, որ իշխանությունները ցանկանում են թողնել Արցախը Ադրբեջանի կազմում։
«Խալիլ փաշան օսմանների ծագող կայսրության ապագան բոլորովին ուրիշ կերպ էր պատկերացնում, - գրել է «Մանդիլիոն» ստեղծագործության հեղինակը,- նա տեսել էր, թե ինչպես սկզբում՝ վերապահությամբ, իսկ այնուհետև խոնարհ հաշտվողականությամբ են օսմանյան տիրակալներին ընդունում իրենց տեղական իշխանիկների անիշխանությունից և դաժանություններից հոգնած հունական, սերբական, բուլղարական և հայկական գյուղերն ու քաղաքները։ Տեսել էր, թե ինչպես են օսմանների գրաված տիրույթներում երկու հարյուր տարվա արյունոտ քաոսից հետո վերականգնվում աշխատանքն ու կյանքը։ Նա հասկանում էր, որ հանգիստ ու ապահով կյանքը հենց այն է, ինչը հարկավոր է պատերազմներից և ասպատակություններից հոգնած գյուղացիներին, արհեստավորներին ու վաճառականներին, որպեսզի կառչեն նոր կայսրությունում իրենց տաք ու ապահով գոյությանը։ Չհիշեն իրենց ընկած թագավորությունների նախկին փառքն ու մեծությունը, չերազեն դրանք վերականգնելու մասին»։
Ինչևէ, 1453 թվականին այս օրը՝ մայիսի 29-ին, թուրքերը պատահաբար բաց մնացած փոքր դռնով ներխուժեցին Կոստանդնուպոլիս և երեք օր շարունակ թալանում էին այն։ Իսկ Մեհմեդը վերջապես իրականություն դարձրեց իր երազանքը և մտավ մինչև այժմ էլ իր վեհությամբ հիացմունք պատճառող Սուրբ Սոֆյայի տաճարը։ Քիչ անց դղրդյուն լսվեց՝ տաճարի գմբեթից հանվեց և գետնին տապալվեց հսկայական խաչը։
Ավստրիացի հայտնի գրող Ստեֆան Ցվայգն այսպես է ավարտում «Բյուզանդիայի գրավումը» կոչվող պատմական իր ակնարկը.
«Խաչն ընկավ, և դրա արձագանքը տարածվեց տաճարի պատերից շատ հեռու։ Դրանից ցնցվեց ողջ Արևմուտքը։ Որպես զգուշացնող որոտ այն հասավ մինչև Ֆրանսիա և Գերմանիա։ Սարսափած Եվրոպան հանկարծ գիտակցեց, որ իր հանցավոր անտարբերության պատճառով Կոստանդնուպոլսի պարսպի մոռացված դռնով ճակատագրի նման ներս հորդեց կործանարար մի ուժ, որը դարեր շարունակ կաշկանդելու ու ջլատելու է Եվրոպայի ուժերը»,- փաստել է Ստեֆան Ցվայգը՝ եզրափակելով.
«Սակայն ժողովուրդների պատմությունը, ինչպես նաև մարդկային կյանքն ապացուցում են՝ կորսված պահի մասին զղջալով այդ պահը չես վերադարձնի ՝ մեկ ժամում կորցրածը հազարամյակներով հետ չես բերի»։