ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է արգենտինացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանն այսօր ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:
«Երախտագիտություն հայտնելով ՀՀ համար առանցքային նշանակության հարցերում Արգենտինայի օրենսդիր մարմնի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումների համար՝ նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից շարունակական հետևողական քայլերի կարևորությունը: Երկուստեք կարևորվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների հանգուցալուծումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում առաջընթաց գրանցելու համար խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից։ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցության մասին։ Նրանք պատրաստակամություն են հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Ընդգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը:
Կարևորվել է նաև Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։