ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունն աճում է իր պոտենցիալից մի փոքր արագ։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նկատեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` հավելելով, որ այս իրողությունից ելնելով, ԿԲ–ն ներկա պահին սպասողական դրամավարկային զսպող քաղաքականություն է վարում։
«Մենք սպասում ենք, որ գնաճային սպասումները մի փոքր մեղմվեն, տնտեսական պոտենցիալը, տարբեր տեսակի ծրագրերի, ներդրումների, մնացած բոլոր գործոնները հաշվի առած՝ արձագանքի, նոր մենք համարենք, որ կարելի է պահանջարկը բաց թողնել ավելի մեծ չափով։ ԲԿ–ն շատ է ուզում, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճով անընդհատ աճի, բայց ԿԲ–ն մի քիչ երկար ցիկլերով է նայում ու անընդհատ հետևում է տնտեսական պոտենցիալի վիճակին»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ԿԲ–ում գերադասում են մեղմումը մի քիչ ուշացել, քան շտապել ու սխալվել։
ԿԲ նախագահի տեղակալն իր խոսքում նաև հայտնեց, որ 2022–ի տարեվերջյան 8.3 տոկոսից գնաճը այս պահին նվազել է մինչև 3.2 տոկոսի։ Կանխատեսումների համաձայն, առաջիկայում էլ ավելի նվազում է սպասվում։
«Շատ հաճելի է տեսնել, որ 2 տարի տևած բարձր գնաճային միջավայրից հետո և համաշխարհային տնտեսությունն է մեղմվում, և մեր գնաճային ազդեցություններն են չեզոքացվում։ Բայց դեռ կան մի քանի միտումներ, մասնավորապես` ծառայությունների գներն են պահպանվում բարձր մակարդակի վրա, կա պահանջարկի էական աճ, ու այդ պահանջարկը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել բնական հուն` ապահովելու տնտեսական պոտենցիալին համահունչ տնտեսական աճ»,– ասաց Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ ԿԲ–ն հիմա ուսումնասիրում է, թե ինչ հետագիծ է ունենալու ծառայությունների պահանջարկը` իր հետագա քայլերը ճշգրտելու համար։
Հիշեցնենք, որ ԿԲ–ի խորհուրդը այս տարվա ընթացքում 2 անգամ անընդմեջ որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` գնաճը զսպելու անհրաժեշտություն չտեսնելով։