ԵՄ–ն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանն ուղիղ ավիաչվերթեր է սկսել Ռուսաստանի հետ. դեսպան

Վրացական կողմը հետևում է, որ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրամիությունն ափսոսանք է հայտնում Վրաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի վերսկսման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկիի խոսքերը։ Նա հայտարարել է, որ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել ԵՄ դիրքորոշումը հարցի առնչությամբ։
«Մենք շատ անկեղծ և բաց զրույց ունեցանք փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության մասին։ Ինձ հանձնարարվել է Եվրամիության դիրքորոշումը հասցնել վրացական իշխանություններին։ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է Բրյուսելում 27 անդամ պետությունների մայրաքաղաքների հետ։ Ինձ ուղեկցում էին Թբիլիսիում ներկայացված ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպանները։ Մենք փոխվարչապետին փոխանցել ենք, որ ցավում ենք Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր ընդունելու` վրացական կառավարության որոշման համար»,- լրագրողներին ասել է Գերչինսկին։
Դեսպանի խոսքով՝ փոխվարչապետից փաստարկներ են հնչել, որ Վրաստանի կառավարությունը հետևում է, որպեսզի նշված ուղղությամբ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի համար վիզային ռեժիմը և նույն օրը հանել է 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների համար դեպի Ռուսաստան ուղիղ չվերթերի արգելքը: