Այն ժամանակ էլ կային թուրք նվաճողներին հնազանդվելու կոչ անող վախկոտներ. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Սարդարապատում. Արխիվային լուսանկար
ՀՀ երրորդ նախագահը համեմատականներ է անցկացրել Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև` ընդգծելով, Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում, այլ դավաճանվեցին հայրենիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Հանրապետության տոնի առիթով իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են նրա գրասենյակից։
Նա շեշտել է` նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում թուլամորթներ կային, բայց Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը:
«Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է»,– ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` Սարդարապատի հերոսամարտն անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Ըստ նրա` այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում: Եվ այսօր էլ մենք կրկին վճռական ընտրության առաջ ենք, ու մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրի, թե որտեղ է լինելու։
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։