Ադրբեջանի դատարանը կալանավորել է սահմանային գոտուց առևանգված հայ զինվորականներին

Սյունիք. Արխիվային լուսանկար
Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի ՔՕ–ի 6 հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ադրբեջանի դատարանը կալանավորել է նախօրեին սահմանային գոտում առևանգված հայ զինվորականներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի ՔՕ–ի 6 հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանին երկու զինծառայող է անհետացել։ Նրանց հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին ժամը 19:00–ի սահմաններում, երբ նրանք «ԿամԱԶ»–ով մարտական դիրքեր սնունդ են հասցրել։ Ավելի ուշ հայտնաբերվել էր միացված շարժիչով մեքենան և զինծառայողներից մեկի ինքնաձիգը, որը գտնվել է մեքենայի սրահում։
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով, Ադրբեջանի ԶՈւ զինված խումբ է ներխուժել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին։
ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը` հորդորելով ազատ արձակել և վերադարձնել առևանգած երկու հայ զինվորներին, ինչպես նաև ընդգծել, որ հայկական կողմը Բաքվի գործողությունները գնահատում է որպես իր պարտավորությունների կատարումից խուսափելու փորձ։