ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը, որը համարվում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 տուժած։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը: Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն»,- ասված է հաղորդագրությունում:
Կից նաև նշված է, թե ինչ է անհրաժեշտ դրա համար՝ լինել չափահաս՝ 18 տարեկանը լրացած, իգական սեռի ներկայացուցիչների պարագայում` առնվազն 52 կգ քաշով, իսկ արական սեռի դեպքում՝ 62 կգ։
Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց համար 125-180գրամ/լիտրն է, իսկ տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր, արյուն հանձնող անձը նաև պետք է երբեք դեղնախտ տարած չլինի և ներկա պահին լիովին առողջ լինի։
Արյուն հանձնելու համար անհրաժեշտ է մայիսի 28-ին ժամը 9:30 լինել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։