Վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի եղել․ ՔԿ-ն՝ մարզիկների մասնակցությամբ վթարի մասին

Դեպքի առթիվ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։
«Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը երեխաներ են, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։ Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը։
Պարզվել է նաև, որ «Volkswagen ID 4» ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի 42-ամյա բնակիչ է, իսկ «Վազ 2106»-ինը Վերին Արտաշատ բնակավայրի 38-ամյա բնակիչ էր։
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։