Սոթքում 10 օր առաջ զոհված Էդգարը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Էդգար Սուլեյմանյանը մեդալին արժանացել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանով 10 օր առաջ Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Էդգար Վահանի Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաև բուժակը:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը (Էդգար Սուլեյմանյանը) մահացել է մինչև հոսպիտալ տեղափոխվելը:
Էդգարը ծնվել էր 2003 թվականին Սիսիանում։ Ունի քույր և եղբայր։