ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Սերբիայի բանակի ստորաբաժանումները դիրքեր են զբաղեցնում Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական բաժանման գծի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը:
Մայիսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է սերբական բանակը բերել առավելագույն մարտական պատրաստության վիճակի՝ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի պատճառով: Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է «շտապ դադարեցնել սերբերի նկատմամբ բռնությունը» Կոսովոյում և Մետոխիայում: Վուչևիչը հեռուստաեթերում հաստատել է բանակը մարտունակության ամենաբարձր աստիճանի բերելու ու ուժերը դեպի Կոսովո և Մետոխիա տեղաշարժելու մասին։
«Տեղի է ունենում Սերբիայի բանակի ստորաբաժանումների տեղակայումը վարչական գծի ուղղությամբ, ակնկալում ենք, որ առաջիկա ժամերին նրանք կգրավեն իրենց դիրքերը։ Մենք չենք ուզում որևէ ռազմական խաղ խաղալ, սակայն Սերբիայի կարմիր գծերը հայտնի են»,-ասել է նախարարը, հայտնում է «Вечерне новости» պորտալը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ստորաբաժանումներն այդ դիրքերում կմնան նաև հետագայում:
Հիշեցնենք, որ Սերբիայի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 27-ին հայտնել էր, որ երկրամասի հյուսիսում Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության ուժային ակցիայի ժամանակ Կոսովոյում և Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը չի գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևով իր լիազորություններին համապատասխան: