Մխիթարյանը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» հաղթանակի դեպքում պատմական արդյունքի կհասնի՝ դառնալով խաղարկվող եվրոգավաթների բոլոր մրցաշարերի գավաթակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հունիսի 10-ին Ստամբուլում կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև։ Որոշակի պարզություն է ի հայտ եկել կապված այդ խաղին «Ինտերի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ։
Իտալական La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին մասնակցելու համար։ Իտալական պարբերականը գրում է, որ Հենրիխը կապաքինվի վնասվածքից մինչև եզրափակիչը ու կհայտավորվի խաղին, սակայն կարող է մեկնարկային կազմում չլինել։ Բայց այդ դեպքում էլ խաղին հաստատ կմասնակցի՝ դուրս գալով փոխարինման։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Միլանի» հետ պատասխան խաղում վնասվածք ստացավ ու փոխարինվեց խաղի 44-րդ րոպեին։ Ինչպես պարզվեց, հայ ֆուտբոլիստը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել։ Հետո էլ պարզվել էր, որ մկանային լարվածություն կա, ու Հենրիխը բաց թողեց հանդիպումները Ա Սերիայի «Նապոլիի» և Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ֆիորենտինայի» դեմ։
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» հաղթանակի դեպքում պատմական արդյունքի կհասնի՝ դառնալով խաղարկվող եվրոգավաթների բոլոր մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։