ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում երկրամասի հյուսիսում գտնվող պետական շենքերի առջև։ Տեղեկությունը հայտնում է Kosovo online պարբերականը:
Մայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ և Զվեչան համայնքները: Տեղի սերբերը հավաքվել են շենքերի առջև, որպեսզի թույլ չտան Կոսովոյի ուժայիններին և պաշտոնյաներին ներս մտնել։ Արդյունքում բախումներ են սկսվել։
«Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները մտել են Զվեչանի համայնաքապետարանի շենք, ընդ որում, արցունքաբեր գազի հետ մեկտեղ լուսաձայնային նռնակներ են կիրառել, նաև հրաձգության ձայներ են լսվել: Լեպոսավիչում անջատվել է հեռախոսակապը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում օդային տագնապի ազդանշաններ են միացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բանակն ամենաբարձր պատրաստականության վիճակի է բերել Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակի պատճառով։
Դրա պատճառ է դարձել Կոսովոյի հյուսիսում ապրիլի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Պրիշտինա քաղաքի իշխանությունների կողմից ալբանացիներին քաղաքապետ դարձնելու փորձը։
Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը սերբերի նկատմամբ Կոսովոյում և Մետոխիայում: