ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն լուրջ պայմանագիր կնքելու, այդ պատճառով էլ ՀՀ–ի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետները մեկ շաբաթ հետո կհանդիպեն Մոսկվայում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը` անդրադառնալով Մոսկվայում նախօրեին կայացած եռակողմ հանդիպմանը։
Մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Դրանից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Մարտիրոսյանի կարծիքով` փոխվարչապետներն ըստ երևույթին քննարկելու են այն հարցերը, որոնց Փաշինյանն ու Ալիևը անդրադարձել են Բրյուսելում և Մոսկվայում։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու եռակողմ հանդիպումը տևեց 20 րոպե` Մարտիրոսյանը նշեց` եթե քննարկման համատեքստում լիներ նոր բան, ապա հանդիպումը կպահանջեր նախապատրաստական մեծ աշխատանք ու կտևեր ավելի երկար, մինչդեռ հիմնական հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում ամեն ինչ հստակ է ու անփոփոխ։
«Ալիևն, ի տարբերություն Փաշինյանի, երկուստեք տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելով` տարածքների վերաբերյալ կոնկրետ թվեր չի հնչեցրել, մինչդեռ Փաշինյանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարելով, «ֆալշ ստարտ» է արել։ Ճանաչելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում` Փաշինյանը հիմա իր դեմքը փրկելու խնդիր ունի, և դա կարող է լինել Ստեփանակերտի ու Բաքվի միջև այսպես կոչված երկխոսության տեսքով, մանավանդ որ Ռուսաստանը և Արևմուտքը միանշանակ աջակցելու են, որպեսզի տեղի ունենա նման երկխոսություն։ Բայց եթե անգամ կայանա որևէ երկխոսություն, ապա պետք է լինի միայն բովանդակային խնդիրների շուրջ, մինչդեռ հիմա այդ ամենը կրում է ձևական բնույթ»,– ասաց փորձագետը։
Ըստ նրա` Փաշինյանն իր ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն, բայց այդպես չէ։ Երբ սահմանագծում և սահմանազատում արված չէ, ինչպե՞ս կարելի է ասել, թե կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, առավել ևս, որ այս պահին հայկական կողմը փաստացի չի վերահսկում իր 29.8 հազար ք/կմ տարածքը, իսկ ադրբեջանական կողմն էլ իր հերթին զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու ոչ մի մտադրություն չունի ։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` եթե ՀՀ վարչապետը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա արձանագրում է, որ հայերն իրոք օկուպացրել են հարևան երկրի տարածքները, իսկ օկուպացիան, ինչպես հայտնի է, գին ունի, այսինքն` ադրբեջանական կողմը հեշտությամբ հարցը կարող է տանել միջազգային իրավական դաշտ։ Ալիևն ու նրա իրավահաջորդները կարող են օգտվել այդ հնարավորությունից, որ նրանց ընձեռել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Քիշնևում։ Այսօր «Reuters» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, գրել էր՝ հնարավոր է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն
հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։Սակայն ՀՀ արտգործնախարարությունից
Sputnik Ամենիային հայտնեցին, որ Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։