ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետ Ս. Բարոյանը 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ Բարոյանը օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ժամանակահատվածում առանց օրինական հիմքերի՝ հափշտակության նպատակով, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորներ Վ. Հ.-ի և Ա. Մ.-ի բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ մաս-մաս փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.400.000 ՀՀ դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել և փոխանցել իրեն:
Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն, կատարելով Ս. Բարոյանի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը, որը վերջինս ստանալով՝ հափշտակել է:
Մայիսի 25-ին Ս. Բ.-ն, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն ձերբակալվել են:
20203 թ. մայիսի 26-ին ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Ս. Բարոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: