Ճանապարհաշինարարներին կփոխհատուցվի 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ պատճառված վնասը

Ճանապարհաշինական-ինժեներական աշխատանքներ իրականացնող մի քանի ընկերությունների տեխնիկան 2022 թվականի սեպտեմբերին` Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, մնացել է հակառակորդի վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխհատուցում կտրամադրի ճանապարհաշինական այն ընկերություններին, որոնց տեխնիկան վնասվել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։
Մասնավորապես, ՊՆ պայմանագրով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ իրականացնող մի քանի ընկերությունների տեխնիկան մնացել է մարտական գոտում, և այն հնարավոր չի եղել դուրս բերել։
Արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ է անցել 17 միավոր հատուկ տեխնիկա, ևս երեք միավոր տեխնիկա տուժել է գնդակոծությունից։ Հակառակորդի պատճառած ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 773 մլն դրամ (մոտ 1,98 մլն դոլար)։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։