ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ Սու-35 և Սու-27 կործանիչները Բալթիկ ծովի վրա ուղեկցել են դեպի Ռուսաստանի սահման թռչող ԱՄՆ ՌՕՈւ երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուսական ռադիոտեղորոշիչ կայանները հայտնաբերել են Ռուսաստանի պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախներ: Սահմանի խախտում թույլ չտալու համար օդ են բարձրացվել Արևմտյան ռազմական օկրուգի ՀՕՊ հերթապահ ուժերի կազմում ընդգրկված Սու-35Ս և Սու-27Պ կործանիչները։
«Ռուսական կործանիչների անձնակազմը օդային թիրախները դասակարգել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծիչներ։ Օտարերկրյա ռազմական ինքնաթիռները Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից հեռացնելուց հետո ռուսական կործանիչները վերադարձել են բազավորման օդանավակայան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ այդմ` կործանիչները թույլ չեն տվել, որ ամերիկյան ռմբակոծիչները խախտեն ՌԴ սահմանը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական կործանիչների թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան: