ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգություն ապահովման նկատմամբ գրագետ մոտեցումը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի միասնական շուկայի գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի փոխշահավետ պայմաններին, էներգիկ անվտանգության բարձրացմանը և ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությանը միջազգային շուկայում։ Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորած հարցերի շուրջ հնարավորինս արագ փոխըմբռնման հասնելու համար»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):