ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի 33-րդ թաղամասի (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծի պողոտայի) մի խումբ բնակիչներ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են իրենց բնակության տարածքում տիրող վիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ
© Photo : official site of the Parliament of RA
Նշենք, որ բնակիչները երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:
«Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով։
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Այս տարվա հունվարի 13–ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Փորձագետները պետք է գնահատում իրականացնեին` ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Տների և պահեստների սեփականատերերը թույլ չէին տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չէին հավատում նրա օբյեկտիվությանը։
Հավելենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: