ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության պահպանման պայմանով:
«Մենք պատրաստ ենք, որ և՛ սահմանային, և՛ մաքսային ծառայությունները ապահովեն բոլոր տրանսպորտային միջոցների՝ երկաթուղային շարժակազմերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով։ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին էլ Հայաստանի երկաթուղային շարժակազմերի համար կբացվի Նախիջևանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան։ Ակնկալում ենք, որ այդ հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ երկրի ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ», - ասել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի թեմային` նշելով, որ ԼՂ–ում և Լաչինի միջանցքում իրավիճակը բավական լարված է, քանի որ 2020թ.–ի նոյեմերի 9-ի հայտարարություններին ի հակառակ` Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հումանիտար ճգնաժամի մեջ է։
«Իհարկե ռուս խաղաղապահները օգնում են հումանիտար բեռ տեղափոխելու հարցում, բայց շրջափակումը նույնպես տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»,– նշել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Մոսկվայում նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկում է նախատեսված։