ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է, որը նպատակաուղղված է բնակչությանն անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանությանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր կտրուկ ավելացել է անհրաժեշտությունը ձևավորելու պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ երկրների միասնականությունն այս նպատակով»,– նշեց վարչապետը Փաշինյանը։
Նա հավելեց, որ փոխգործակցության տարբեր ձևաչափեր կիրառելով` 2022 թվականին փոխշահավետ համագործակցություն է հաստատվել նաև ԵԱՏՄ–ից դուրս։ Հաշվետվություններում արձանագրված է նաև այն փոխգործակցությունը, որ եղել է Միության հիմնական գործընկերների հետ։
Նա ընդգծեց Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան։ Ըստ նրա` ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա հետևողական իրականացումն առաջնահերթություն են Հայաստանի համար` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։
Նա խոսել է նաև Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ բանակցությունների շարունակակության մասին։ Ըստ նրա` համալիր երկխոսություն կա նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նպատակով։
«Սա լրացուցիչ խթան կդառնա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրացիայի գործընթացի համար»,– շեշտեց Փաշինյանը։ Հավելեց, որ պետք է անհապաղ արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներ գործի դնել երրորդ երկրների հետ, որը հնարավորություններ կտա ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների շարունակական զարգացման համար։
Նշենք, որ այսօր Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով հադիպումից հետո երկրների ղեկավարները հանդիպել են ընդլայնված կազմով, որին մասնակցում են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։