Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ Արևմուտքի համար գերնպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը Ռուսաստանին դուրս մղելն է Հարավային Կովկասից, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ու զարգացումը երկարաժամկետ հեռանկարում ապահովելը։
«Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել Է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ կարևոր է համարում շարունակել աշխատանքը տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: