ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ևս երկու ամիս անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության կտրամադրի։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօրվակառավարության նիստում։
Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 33,6 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ` ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիս և հունիս ամիսները ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
2023 թվականի ապրիլի 26–ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կան։