Տիգրան Ավինյանը վստահ է, որ իր այս պահի վարկանիշն անցողիկ է

Տիգրան Ավինյան
Երևանի փոխաքաղաքապետը խոսեց նաև քաղաքապետի մյուս թեկնածուների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կեղծ է համարում այն բոլոր սոցիալական հարցումները, ըստ որոնց` իր վարկանիշը նվազել է։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
«Սուտ են այդ սոցհարցումնները, որովհետև ես գիտեմ, թե դրանք իրականում ինչ պատկեր ունեն»,– ասաց փոխքաղաքապետը։
Ավինյանը վստահեցրեց, որ գիտի թե իր վարկանիշն այս պահին ինչքան է, բայց չի խոսի այդ մասին։ Միաժամանակ ընդգծեց, որ այն վստահաբար անցողիկ է։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի մյուս հավանական թեկնածուներին` Ավինյանը նշեց, որ, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է։
«Ես նրա գրեթե բոլոր երգերը շատ սիրում եմ»,– ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի Նատալյա Ռոտենբերգի մասին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Չունեմ»։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։