Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մտահոգիչ է. USAID

Էրին Մաքքին. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կենսական ծառայություններից օգտվելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել: Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով են օգտվում կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», - ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։