Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Դեղատուն
Բժշկական կազմակերպությունները 5 տարին մեկ պետք է վստահեցնեն, որ համապատասխանում են տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ-ում գործող բժշկական կենտրոններն ու դեղատներն այսուհետև կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով։ Ազգային ժողովն օրինագիծն ընդունեց 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավել բժշկական օգնության որակը։
Այս օրենքով նախատեսվում է, որ ԲԿ-ների լիցենզավորումը պարբերական բնույթ է կրելու, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է վստահեցնի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
«Կառավարության ծրագրով նախատեսված, բժշկական որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ ունենք, որոնց շարքում բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավումն է, մասնագիտական կարողությունների թարմացումը և բժշկագիտության զարգացումը»,- ասաց Ավանեսյանը։
Նշենք, որ ծրագիրը սկսվելու է Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ՝ սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։
Գրիպ չկա, բայց սուր շնչառական վարակներ կան․ ԱՆ-ն ՝ ՀՀ-ում համաճարակային իրավիճակի մասին