Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության նվազում։ Ավելին՝ գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Հիվանդացության նվազումն արձանագրվել է բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ընդհանուր դեպքերի 75%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները», - նշեցին նախարարությունից։
Միաժամանակ գերատեսչությունից հավելել են, որ Հայաստանում «շրջանառվում են» ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին՝ ներկա դրությամբ Հայաստանում հիմնականում շրջանառվում է COVID-19- վիրուսի XBB.1.5 /Կրակեն տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է մարտ ամսին:
Նախարարությունից ավելացրել են, որ այն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված հիավնդաների նմուշների սեքվենավորման միջոցով։
Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում կապկի ծաղկի դեպքեր չեն արձանագրվել: Առողջապահության նախարարությունում կարծում են, որ այդ հիվանդության տարածման վտանգը ցածր է։
Ինչ վերաբերում է կարմրուկին, ապա Հայաստանում այդ հիվանդության հետ կապված իրավիճակի կայունացում է նկատվում։