Ժամանակը ցույց կտա՝ կլինեն պատասխանատուներ, թե ոչ. «Այբ» հիմնադրամը հաղթել է դատարանում

«Այբ» դպրոցը
Դատարանը արձանագրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումները «Այբ» կրթական հիմնադրամում իրականացվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վարչական դատարանը ֆինանսների նախարարության գործողությունները «Այբ» կրթական հիմնադրամում ճանաչել է ոչ իրավաչափ։ Այս մասին տեղեկանում ենք «Այբ» կրթական հիմնադրամի կայքից։
Հիմնադրամից հայտնում են, որ դատարանը բավարարել է նրանց 2021-ի հունվարի 18-ին ներկայացրած երկու հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Եվ երկու վճռով փաստել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգումները «Այբ» կրթական հիմնադրամում իրականացվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով:
«Սա հերթական ստուգման հերթական հերքումն էր, իսկ ստուգումները հիմնադրամում սկիզբ էին առել դեռ 2018 թվականին, երբ պետական ամենատարբեր կառույցներ, վատնելով ահռելի ռեսուրսներ, փորձում էին ամեն կերպ «չարաշահումներ» բացահայտել «Այբ»-ում: Կլինե՞ն սրա համար պատասխանատուներ, կլինի՞ ներողություն գոնե Հայաստանի ու Արցախի բազմաթիվ երեխաներից՝ միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով ուսանելու հնարավորությունից նրանց զրկելու համար, ցույց կտա ժամանակը,–նշված է տարածված հաղորդագրությունում:
Նշենք, որ խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտարարությունից սկիզբ առած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում էր կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։
Դրանից հետո «Այբը» 2021 թ. հունվարի 26-ին ՀՀ գլխավոր դատախազին ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի առնչությամբ, սակայն, ՀՀ իրավապահ մարմինները վարույթ չեն հարուցել։