ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո հայրապետական Սուրբ Աթոռն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ մեկի որևէ մոտեցում, հատկապես` ՀՀ վարչապետի ու իշխանության կողմից, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Հարկ է լինել արթուն, հեռատես ու միակամ։ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի ապահովությունը, այլ նաև Հայաստանի անվտանգությունը»,– գրել է նա։
Արամ Ա–ն հիշեցրել է, որ 1991 թ–ի դեկտեմբեր 10–ին համաժողովրդական քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության հավաքական կամքն արդեն արտահայտել է։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։